Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Չդատապարտված ոճիրներն ու... 21-րդ դարի հրեշավոր դեմքը

Չդատապարտված ոճիրներն ու... 21-րդ դարի հրեշավոր դեմքը
07.08.2024 | 19:52

Օգոստոսի 7-ը Օսմանյան կայրության կողմից ասորի ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրն է:

1913 թվական, նոյեմբերի 13:

Պոլսո Հայոց պատրիարքությունը ստացավ մի նամակ- սպառնալիք՝ ուղղված մեր հոգևոր դասին: Իսկ իրականում այն հասցեագրված էր Հայկական բարձրավանդակի տեղաբնիկ ամբողջ հայ ազգին ու բոլոր քրիստոնյաներին: Հետագայում ՝ 1965 թվականին Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի ապրիլի 20-ի համարում Լևոն Վարդանի հրապարակած՝ «Թող թուրքը խոսի» խորագրով հրապարակման մեջ հայությունը տեսնելու էր ահա այս պատմական վավերագիրը.

«Ով հայ գյավուրներ, դուք լավ գիտեք, թե մոծակին ինչ է արժենում թևերը թափահարելը, ինչպես է նրա կյանքը կարճանում: Դուք, թևավորված հարիֆներ, նման եք այդ մոծակին, մոռանալով, որ դրանով կարճացնում եք ձեր կյանքը: Հեռու չէ ձեր կեղտոտ վախճանը: Չկասկածեք, մոտակա ժամանակներում մենք կկտրենք ձեր և ձեր պատրիարքի թևերը, կարգելենք ձեր ժողովները: Թուրքական յաթաղանը թռցրել է շատ գյավուրների գլուխներ, այսուհետև սպանելու մտադրությունը ևս չի կորցրել: Գիտցեք, որ թուրքերը երդվել են իրենց երկիրը մաքրել գյավուրներից, որոնք նման են թոքախտի բացիլների»:

Այսպես էր օսմանցին նախապատրաստվում իրագործել մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, որը նախերգանքն էր լինելու 20-րդ դարի ընթացքում կատարված բոլոր հանցանքների համար: Չդատապարտված ոճիրները ծնելու էին նոր ցեղասպանություններ, որոնք 21-րդ դարում էլ շարունակվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Եվ որքան էլ այսօր թուրքը ժխտի պատմական անհերքելի իրողությունը, ճշմարտության մասին վավերագրերը չեն այրվում, դրանք պահպանվում են աշխարհի տարբեր երկրների արխիվներում, մամուլի էջերում և ...ժողովուրդների հոգեգիտակցական դաշտի սրբազան տիրույթում, որ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ է կոչվում։

«Արևելքն` առանց քրիստոնյաների»,-սա էր օսմանցու ցեղասպան ծրագիրը։ Եվ այդ ատելության թիրախում միայն հայերը չէին:

Ամեն տարի օգոստոսի 7-ին նշվում է ասորի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակության օրը: Ավելի քան մեկ դար առաջ թուրքական իշխանությունների կողմից հայերի դեմ վաղուց պետականորեն ծրագրված ցեղասպան քաղաքականության անմիջական շարունակությունը դարձավ ասորի ժողովրդի նկատմամբ տարվող ջարդերի և կոտորածների հետևողական քաղաքականությունը, որին զոհ գնացին 750 հազար ասորիներ:

Հայերն ու ասորիները միասին անցան Ցեղասպանության արհավիրքով: Եվ մեկ դար առաջ Ցեղասպանության զոհ դարձած ասորիների սերունդներն այսօր պայքարում են պատմական արդարության՝ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների միջազգային ճանաչման ու դատապարտման համար: Պայքարում են՝ ձայն բարձրացնելով, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ոճիրներ, որոնց արձագանքն այսօր արդեն լսելի է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև աշխարհի խոշոր տերությունների մայրաքաղաքներում՝ կապված միջազգային ահաբեկչության հետ: Այս մասին միշտ ենք հիշեցնելու։

21-րդ դարն է։ Չի փոխվել մեր թշնամին, որի պատմությունը ցեղասպանությունների պատմություն է։

Չի փոխվել թշնամին և նրա ծրագիրը: Այսօր էլ արթուն է պանթյուրքիզմի գաղափարը, որը Թուրքիան հետևողականորեն ջանում է կյանքի կոչել՝ ներքաշվելով պատերազմների մեջ տարբեր տարածաշրջաններում: Պատմության մեջ Արյունարբու սուլթան մականունը ստացած Աբդուլ Համիդի ժառանգի խոսքերը, որոնք հնչել են 2020 թվականին Արցախի ու Հայաստանի դեմ սանձազործված պատերազմից ընդամենը ամիսներ առաջ, ամենևին էլ պատմական վավերագրերի շարքից չեն։Դա եղել է մե՛ր օրերում և այդպես էլ մնաց աննկատ շատերի կողմից, որոնք հարկ եմ համարում զետեղել` որպես հիշեցում.

«Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի, պատմությունից դասեր քաղի։ Որպես օսմանցիների թոռ, վստահ եղեք, որ ինչպես անցյալում եք մեզ վերաբերվել, այդպես էլ վաղն եք վերաբերվելու։ Եթե հետ վերադառնանք, դուք շատ կտխրեք։ Մեր ադրբեջանցի քաղաքացիներին օսմանցու խոսք եմ տալիս, միշտ ձեր կողքին եմ լինելու»: Ապա ավելացնում է՝ «Մենք հայերի դեմ անելու ենք այն, ինչ միշտ ենք արել»:

Սրանք չեն կարող պատահական խոսքեր լինել, այլ ամբողջացնում են Թուրքիայի ցեղասպան գաղափարների կրող լինելը, նրա այլատյաց քաղաքականությունը:

Սեպտեմբերի 27-ից ցեղասպան Թուրքիայի, հայատյաց Ադրբեջանի ու միջազգային վարձկանների համագործակցությամբ սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ ռմբակծության տակ էին առնված խաղաղ բնակավայրերը, դպրոցները, մշակութային հուշարձաններ:

Եվ այսօր հայաթափված է Արցախը, իսկ մեր պատմա-մշակութային ժառանգությունը` վտանգված, որը համաքրիստոնեական արժեք է։ Սա շարունակվող ցեղասպանություն է:

Այսօր էլ Մերձավոր Արևելքում ՝ Սիրիայում, վտանգված է ասորի ժողովուրդը. ընդամենը մի քանի տարի առաջ՝ մեր բոլորի աչքի առաջ թուրքական պետության հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումները ոչնչացրեցին արամեեախոս ասորիների բնակավայրը՝ Մաալուլան…

Հրո ճարակ դարձան եկեղեցիներն ու սրբապատկերները, սպանեցին միանձնուհիներին: Չի մոռացվել, թե ինչպես էին ահաբեկչական խմբավորումները պայթեցնում ու ոչնչացնում հնագույն պատմա-մշակութային հուշարձանները, որոնք աշխարհի մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած հնագույն ազգերից մեկի՝ ասորիների պատմության վկաներն էին: Իսկ որևէ ազգի մշակույթը ոչնչացնելը ևս ցեղասպանության բաղադրիչ է:

Թշնամու ձեռագիրը նույնն էր: Եվ այս ամենը դարձյալ կատարվեց «քաղաքակիրթ» աշխարհի լուռ ու անտարբեր հայացքի ներքո. նույն հայացքը, ինչպես 100 տարի առաջ: Աշխարհի համար ընդունված պրակտիկա է մոռանալ մեծ ոճիրները։

Սակայն, պատմությունը չի մոռանա, որովհետև ցեղասպանությունը մեր երկու ազգերի համար գենետիկ Հիշողություն է, որը սերունդներին պիտի մղի պայքարի` արդար Հատուցման հասնելու համար։

Ամեն տարվա օգոստոսի 7-ին մենք պարտավոր ենք հիշել ցեղասպանությանը զոհ գնացած 750 հազար ասորի նահատակներին: Ավելի քան մեկ դար առաջ մենք միասին անցանք նույն տառապանքների միջով:

Հայ և ասորի ժողովուրդների համար կորստյան ցավը ազգային պատկանելություն չունի:

Այսօր մեր երկրում պատերազմ է` չավարտված պատերազմ: Եվ ասորի ժողովրդի զավակները հանուն Արցախի և Հայաստանի` մեր զինվորների հետ կռվեցին ընդդեմ թշնամու: Նրանք ևս իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի ու Հայաստանի:

Պատմության էջերում գրվելու են ասորի հերոսների անունները նույնպես ՝ Նարեկ Դավթյան, Թորգոմ Սայադյան, Ռուդիկ Սարխոշև, Վիտալի Յակուբով…

Եվ երբ երկար ու ծանր պայքարից հետո գրվեն Հայոց պատմության նորագույն էջերը, մեր սերունդները կարդալու են նաև հայ ազգի ասորի զավակների սխրանքի մասին։

Նրանց պատմվելու է, թե ինչպես տասնամյակներ ի վեր, երբ մենք աշխարհի տարբեր մայրաքաղաքներում պայքարել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, մեր կողքին են եղել ասորիները` իրենց ինքնության դրոշով, որովհետև մենք աշխարհի հնագույն քաղաքակրթության կենդանի վկա ազգերն ենք,և մեր միջև դաշինքը կնքվել է պատմության երթում։

Այսօր ոգեկոչելով ցեղասպանությանը զոհ դարձած 750 հազար ասորիների հիշատակը՝ ուզում եմ, որ մի օր աշխարհն իսկապես դառնա քաղաքակիրթ և միջազգային իրավունքի գերակա նորմ դառնա թղթի վրա գրված, բայց դեռ երբեք որևէ տեղ չկիրառված մի կարևոր սկզբունք ՝ «պատմական արդարության սկզբունքը», որ իրականություն դառնա ասորի ժողովրդի՝ սեփական պատմական հայրենիքում ազգային ինքնավարություն ունենալու իղձը:

Իսկ Արցախը պիտի վերաազատագրվի, որ շարունակենք մեր կիսատ մնացած պայքարը մեր պատմական մյուս տարածքները վերամիավորելու համար։

Հատուցման ժամը գալու է։

Ինչու ՞ եմ պատմական այսպիսի զուգահեռներով ներկայացնում այս օրվա խորհուրդը:

Պատասխանը մեկն է` սա ա՛յն պետության դեմքն ու բնութագիրն է, որը եղել է և կա իբրև մարդկային քաղաքակրթության սպառնալիք, որի ոճրագործությունները մինչ օրս չեն դատապարտված։

Չդատապարտված ոճիրները ծնելու են նոր մարտահրավերներ:

Խոնարհվում ենք ցեղասպանությանը զոհ գնացած ասորիների հիշատակի առաջ:

ՈՒժ և կորով ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, ովքեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին աշխարհի բոլոր երկրների խոշոր մայրաքաղաքներում մեր՝ հայերիս կողքին պայքարում են պատմական արդարության համար:

Մենք էլ մեր ասորի եղբայրների կողքին ենք։

Հիշում ենք, դատապարտում ենք, հատուցելու են....

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4274

Մեկնաբանություններ